Ինչ-որ երեկ տեղի ունեցավ Մոսկվայում, տրամաբանական շարունակությունն է այն գործընթացի, որը սկսվել է սեպտեմբերի 3-ին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 3-ից սկսած՝  ՀՀ-ն դարձել է ռուսական կայսրության մաս եւ հիմա գնում է այդ ամենի «իրավական» ճանապարհով։ Դավիթ Շահնազարյանի փոխանցմամբ՝  երեկ Մոսկվայում ստորագրվեց երկրորդ հակասահմանադրական փաստաթուղթը, իսկ առաջինը հայտնի գազային պայմանագիրն էր, եւ եթե այսպես շարունակվի, մեծ քանակությամբ նման փաստաթղթեր են հայտնվելու։ «Հայաստանի իշխանությունները որպես այդպիսին գոյություն չունեն եւ ներկայացնում են ռուսական կայսրության իշխանությունների շահերը, ավելին՝ նրանց ներկայացուցիչներն են Հայաստանում։ Արտաքին քաղաքական բոլոր կարեւոր որոշումները, անվտանգության հետ կապված բոլոր կարեւոր որոշումները, Հաաստանի տնտեսության հետ կապված ամեն ինչ հանձնված է Կրեմլին, որի խնդիրն է ընդլայնել իր ազդեցությունը ինտեգրացիոն ծրագրերով»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նա նաեւ նշեց, որ այս տարին մենք փակում ենք նաեւ խոր բարոյահոգեբանական ճգնաժամով, դա է բոլոր ճգնաժամերից ամենածանրը հասարակության համար։ «Ուզում եմ նշել, որ ամենաստորացուցիչ ստրկությունը դա ինքնակամ ստրկությունն է, բայց այդ ինքնակամությունը վերաբերում է Հայաստանի այսպես կոչված իշխանություններին, խորհրդարանում ներկայացված քաղաքական համակարգի ներկայացուցիչներին, բացառությամբ մի քանի պատգամավորների եւ ըստ էության որեւէ դրական գործընթաց, դրական իրադարձություն սեպտեմբերի 3-ից այս կողմ Հայաստանում տեղի չի ունեցել։ Թերեւս մեկ բացառություն, Հայաստանը տվեց իր համաձայնությունը մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ գործընթացներ իրականացնելու ծրագրին, որը իրականացվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից գլոբալ խաղաղապահ գործունեության ծրագրում, Ադրբեջանին առաջարկ չէր արվել մասնկացել այդ ծրագրում, որեւէ այլ դրական դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նա նշեց նաեւ, որ եթե Մաքսային միությանը եւ Եվրասիական միության անդամակցելու գործընթացը ձեւականորեն ավարտվի, զուտ իրավական առումով ՀՀ սահմանադրությունը չի գործում, եւ թե իշխանությունները, թե բոլոր այն ուժերը, որոնք սատարում են այդ գործընթացին, հայտնվելու են թե սահմանադրությունից, թե օրենքից դուրս կարգավիճակում։ «Հաջորդ տարի իրավական ենթատեքստռվ արդեն, այդ թվում քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների վերաբերյալ, ոչ միայն ես, այլեւ շատերը, կբարձրացնենք այդ հարցը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։