Եթե Ղազախստանի կողմից ինչ-ինչ արգելքներ դրսեւորվեն Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին`կապված ղարաբաղյան հարցի հետ, ապա Երեւանին ոչինչ չի խանգարի հակվելու դեպի Եվրոպա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա հավելել է, որ այդ դեպքում Բրյուսելը մեծ հաճույքով կվերսկսեր Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը: Սակայն նա նշել է, որ Ղազախստանի նախագահի բառերն, ամենայն հավանականությամբ, ձեւական բնույթ էին կրում:

Մինասյանն ընդգծել է, որ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելը ռուսական գործոնի ազդեցության արդյունք է: «Հասկանալի է, որ, հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարության հետ կապված հսկայական խնդիրները, Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, նախ եւ առաջ, Լեռնային Ղարաբաղի համար: Երեւանն այդ կարմիր գիծը երբեք չի անցնի»,-եզրափակել է Մինասյանը: