NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Ինձ համար ավանդույթ է դարձել Ամանորը նշել Հայրենիքում, իմ տանը, ընտանիքի հետ:

Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրելի ուտեստը:

Իմ ընտանիքում սովորաբար նախընտրում են հատկապես տարվա հենց այս օրը պատրաստել ավանդական կերակուրներ:

Քանի՞ կգ եք ավելանում Ամանորին: 

Կդժվարանամ պատասխանել: Երբեւէ չեմ փորձել մինչեւ ամանորյա տոները եւ դրանից հետո կշռվել: Բայց չեմ կարծում, որ էական տարբերություն լինի: Ես սովորաբար չեմ փոխում իմ կերակրացանկը եւ չափաբաժինները՝ անկախ նրանից, թե ինչ  տոնական օրեր են կամ թե ինչ միջոցառման եմ մասնակցում:

Քանի՞ շիշ ալկոհոլ կարող եք խմել:

Կարող եմ խմել շատ, բայց սովորաբար խմում եմ չափի սահմաններում, միայն ինձ համար հաճելի մարդկանց միջավայրում եւ ուրախ առիթներով:

Նախագահի կենացը որերո՞րդն եք խմում:

Հայկական կոլորիտով ուրախ միջոցառումներին անտեղյակ կնոջը վայել հարց եք տալիս: Մեր հայկական սեղանների շուրջ, բնականաբար, կենացները հերթի չեն դրվում կամ հաշվառվում, ամենացանկալի կենացները հասունանում են կախված միջոցառման ընթացքից եւ ամենալավ պահին:

2014թ ձիու տարի է, հաշվի առնելով ձիերի նկատմամբ ձեր մեծ սերը՝ ըստ Ձեզ՝ ձին ձեզ կսիրի:

Մեր՝ հայկական իրականության մեջ ձին մուրազ է՝ հույս եւ հավատ: Պետք է հուսալ եւ հավատալ, այդ դեպքում բոլոր նպատակները, նույնիսկ՝ անհավանականները, կիրականանան:

Ամանորի սեղանի ձեր ծախսը  քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Ես ինքս բազմազբաղության պատճառով ամանորյա գնումների չեմ մասնակցում, բայց չեմ կարծում, որ հայկական ուտեստների վրա շատ գումար ծախսվի: Ծախսում ենք այնքան, ինչքան հնարավորություն է տալիս ընտանեկան բյուջեն: Ավելացնեմ նաեւ, որ իմ բնույթով ճոխություններ չեմ սիրում եւ դա իմ ընտանիքի ապրելակերպի սկզբունքներից է:

Ձմեռ պապի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:

Մանկությանս տարիներին՝ Ձմեռ պապին, հասուն տարիքում՝ Ձյունանուշին (ծիծաղում է):

Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:

Ես երգելու շնորհով օժտված չեմ, բայց այդ պահին կերգեմ ինքնաբուխ, սրտիս թելադրածը:

Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:

Ձեզ, ցանկացած հայուհու, ով իր էությամբ կխորհրդանշեր հայուհուն, կմարմնավորեր հայ մայրերի ոգին, հայ կնոջ, աղջկա գեղեցկությունը եւ հայ մայրերի առաքելությունը ու ավելի հեքիաթային կդարձներ Ամանորի գիշերն իմ ընտանիքում:

Ինգա Մարտինյան