Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած շենքի բնակարանատերերն, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հավաքվել են Կառավարության շենքի մոտ եւ երթով շարժվելու են «Արցախբանկի» որեւէ մասնաճյուղ՝ պահանջելու վերադարձնել իրենց բնակարանները։

Այս պահին Կառավարության մոտ հավաքված է մոտ 40 բնակիչ եւ սպասում են մյուսներին, որպեսզի սկսեն երթը։ Դեռ պարզ չէ նրանց քայլերի հաջորդականությունը։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։ Նոյեմբերի 14-ին խաբված բնակարանատերերը ներխուժել էին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, հանդիպել կառավարչի հետ, սակայն ոչինչ չի փոխվել։