«Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցի շրջանակներում, դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Բանավեճի հիմունքներ» երկամսյա դասընթացի եզրափակիչ արարողությունը: Դպրոցին մասնակցելու հայտ էր ներկայացրել մոտ 70 երիտասարդ, որոնցից ընտրվել էին 35-ը, ովքեր էլ ստացան հավաստագրեր:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ շուրջ մեկ ամիս տեւողությամբ դպրոցի մասնակիցները հաղորդակցվել են բանավեճի արվեստի հմտություններին՝ ուսումնասիրելով «Բանավեճերի տիպաբանություն», «Թիմային աշխատանք», «Աշխատանք սկզբնաղբյուրների հետ», «Հռետորություն», «Փաստարկման տեսություն», «Կիրառական հոգեբանություն» եւ հարակից այլ թեմաներ:

Երիտասարդները ներկայացրել են մասնակցության իրենց մոտիվները եւ դպրոցից ստացած արդյունքները:

Երիտասարդական դպրոցի ղեկավար Լեւոն Նազարյանը նշել է, որ դպրոցի մասնակիցները ցուցաբերել են նոր նախաձեռնություն եւ որոշել են այսուհետեւ դպրոցի մասնակցից վերածվել դպրոցի գաղափարների տարածողների եւ հրավիրել հաջորդ մեկնարկի մասնակիցներին, որով էլ «Հայտնիր քո կարծիքը» դպրոցը կտարբերվի երիտասարդական դաշտում գործող այլ ծրագրերից:

Նշենք, որ «Հայտնիր քո կարծիքը» երիտասարդական դպրոցը կազմակերպվել է «ՄԵՆՔ- երիտասարդ նորարարների կենտրոն» հասարակական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։