Հայաստանի գլխավոր դատախազությունն արձագանքել է մի շարք լրատվամիջոցների տարածած՝ Պավել Անդերսոնի հեղինակած տեղեկատվությունը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, եւ նշել, որ այդ փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նշված տեղեկատվության նույն բովանդակությամբ Պ.Անդերսոնի 19.12.2013թ. նամակը, որի վերաբերյալ արդեն իսկ վերջինիս տրվել է սպառիչ պատասխան, ինչպես նաեւ վերջինիս տրվել է երաշխիք, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին ներկայանալու եւ իր տիրապետած փաստերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում տալու դեպքում ըստ անհրաժեշտության նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց:

Ստորեւ ներկայացնում ենք Պ.Անդերսոնի նամակին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տրված պատասխանը.

«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 19.12.2013թ. նամակն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում եւ Ձեր կողմից իրականացվելիք «հասարակական հետաքննությանը» որեւէ կերպ մասնակցելը դուրս  է այդ շրջանակից:

Ինչ վերաբերում է նամակում նշված հանգամաքներին՝ կապված Տարոն Մարգարյանի եւ այլ անձանց վերագրվող գործողությունների հետ, ապա հարկ է պարզաբանել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել այն հարուցելու առիթների եւ հիմքերի առկայության դեպքում:  Նույն օրենսգրքի 176-րդ հոդվածը սպառիչ թվարկում է քրեական գործ հարուցելու առիթները, որոնք են՝ հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Առիթը պայման է, որի առկայության դեպքում միայն օրենքը լիազորում է իրավասու մարմիններին եւ պաշտոնատար անձանց մտնել կոնկրետ իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:

Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ եւ Ձեր կողմից իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված է հստակ կարգ, որից շեղվելու դեպքում այն չի կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու օրինական առիթ եւ դրա հիման վրա իրավապահ մարմինների կողմից չեն կարող նախապատրաստվել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հարցը լուծելու նպատակով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա, վերջինս նախեւառաջ անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը եւ այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է:

Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է, քանի որ անձն իր ստորագրությամբ պետք է  հաստատի հաղորդումը, ինչպես նաեւ, դրա վերաբերյալ կազմվող արձանագրությունը պետք է ստորագրի հաղորդումն ընդունող պաշտոնատար անձը:

Բացի այդ, եթե լրացել է հաղորդում տվող անձի 16 տարին, միաժամանակ նա պետք է նախազգուշացվի սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ինչը պետք է կրկին հաստատի իր ստորագրությամբ:

Ինչ վերաբերում է լրատվության միջոցներով ֆիզիկական անձանց տարածած տեղեկատվությանը, ապա եթե հանցագործության առերեւույթ հատկանիշներ պարունակող հրապարակման, տեսաձայնագրության, լուրի, հոդվածի բովանդակությունը հիմնված է բացառապես ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տեղեկատվության վրա, կամ այդ անձն ինքն է առաջին դեմքով հանդես գալիս հրապարակայնորեն, ապա այդ հրապարակային հաղորդմումը նույնպես ենթակա է ձեւակերպման ու քննարկման՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հաղորդման համար սահմանված վերոնշյալ պահանջներին եւ կարգին համապատասխան:

ՀՀ գլխավոր դատախազությունն ակնկալում է Ձեր արձագանքը եւ երաշխավորում է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելու եւ Ձեր կողմից Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին՝ հաղորդում տալու համար ներկայանալու դեպքում քրեադատավարական վարույթի շրջանակներում ըստ անհրաժեշտության Ձեր նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց»:

Նշենք, որ ներկայումս  ԱՄՆ-ում բնակվող Պավել Անդերսոնը (Հակոբյան) մամուլի միջոցով հաղորդագրություն էր տարածել «գիտական աստիճան հայթայթող» Տարոն Մարգարյանի մասին, որտեղ նշել էր. «Իմ ստացած տեղեկությունների համաձայն 2012 թվականի ապրիլի 20-ից մինչեւ 2012 թվականի մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանում նշանակված ԱԺ պատգամավորների ընտրությունների նախօրերին Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանը եւ մի շարք այլ անձիք, գործելով ՀՀԿ-ի անունից, քաղաքապետի աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունեցող քաղաքացիներին բաժանել են արժեքավոր իրեր, որպեսզի նրանք քվեարկեն հօգուտ ՀՀԿ-ի թեկնածուներին: Հայաստանի օրինապահ մարմինների ներկայացուցիչները բազմիցս հրաժարվել են հաղորդում ընդունել այդ մասին: Ի դեպ, նշված ապրանքների մեկ մասն արտադրված են եղել Թուրքիայում եւ կասկածելի ճանապարհներով ներմուծվել Հայաստան: Ես որոշել եմ իրականացնել հասարակական հետաքննություն»:

Նա նաեւ նշել էր. «Հասարակության եւ պետության դեմ գործող անձը պետք է մեկուսացվի, այլ ոչ թե արտոնվի նվաճել քաղաքական եւ իշխանական բարձունքները: Գիտական կոչումը ցանկալի է շնորհել արժանապատիվ մարդուն, այլ ոչ թե ժողովրդին անբարոյականություն ուսուցանող, աչքակապությամբ զբաղվող, Հայաստանի ժողովրդի ճակատագրի համար հերթական անգամ աղետավոր եւ Հայաստանի քրեական օրենսգրքում նշված գործողություններ կատարող անձնավորությանը»: