Հնարավոր չէ, որ պետությունը մարի «Արմավիայի» պարտքերը, նման բան օրենսդրությամբ նախատեսված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի իրավաբանական բաժնի պետ Լեւոն Ջանիբեկյանը:
Նա նշեց, որ դրանք երկու տնտեսվարող սուբյեկտների միջեւ կարգավորվող հարաբերություններ են, որի լուծման տարբեր ուղիներ կան: «Դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են, երկու սուբյեկտները պետք է որոշեն, թե ինչպես է մարելու, եթե բանավոր պայմանավորվածության չստացվի հարցի լուծումը, ապա օրենսդրությունը նախատեսում է դատարան դիմելու եւ գումարը գանձելու տարբերակը, այստեղ պետությունը որեւէ պարտավորություն չունի»,- ասաց Լեւոն Ջանիբեկյանը:
Նշենք, որ «168 ժամ» թերթը գրել է, որ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերության կուտակած պարտքը, ըստ ամենայնի, կվճարվի պետբյուջեից, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների գրպանից։ «Մեր տեղեկություններով՝ «Արմավիան» տարբեր երկրների օդանավակայաններին, աերոնավիգացիոն ծառայություններին պարտք է մոտ 120 մլն դոլար, որը կուտակվել է ավիաընկերության գործունեության վերջին 4-5 տարում։ Իսկ ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերության պարտքը վճարվի պետական բյուջեից։ Խնդիրն այն է, որ «Արմավիային» թռիչքներ իրականացնելու թույլտվություն հատկացրել է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ոլորտը մենաշնորհային էր, եւ ՔԱԳՎ-ն կիսում է պատասխանատվությունը։ Նման դեպքերում պարտատերերը դիմում են գլխադասային մարմնին (թռիչքների թույլտվություն տրամադրողին), իսկ խնդրի չկարգավորման դեպքում պարտավորություններն անցնում են պետությանը։ Երբ պետությունը լիցենզիա է տրամադրում որեւէ ընկերության, պետք է տեղյակ լինի՝ այն հնարավորություն ունի՞ թռիչքներ իրականացնելու, թե՞ ոչ»,-գրել է թերթը։





























