Հանրային խորհրդի անդամ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը պաշտոն է ստացել եւ այլեւս նեղացած չէ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ արդեն մեկ ամիս է՝ աշխատում է Կրթության ազգային ինստիտուտում՝ որպես տնօրենի տեղակալ: Նա նշեց, որ առաջարկը եղել է նախարարի կողմից եւ համաձայնել է: «Իմ կարծիքով՝ նախարարից, ճիշտն ասած, չեն նեղանում, իմաստ չուներ դատարան դիմել, նախարարի կողմից առաջարկ եղավ Կրթության ազգային ինստիտուտում փոխտնօրենի կարգավիճակով, դա է, հետագայում կտեսնենք»,- ասաց Արտյուշա Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի գործունեությանը հետեւելուն, նա նշեց, որ «ԲՈՀ-ը նոր տնօրեն ունի, նախագահ ունի, ինձ թվում է՝ գործունեությունը լավ կսկսվի, հույս ունեմ, որ 2014թ ոչ միայն ԲՈՀ-ի, այլ ամբողջ կրթական, գիտական համակարգի համար լավ տարի կլինի, որովհետեւ ժամանակն է մտածել այդ բնագավառի մասին»:
Արտյուշա Ղուկասյանին խնդրեցինք անդրադառնալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուկան թեզի պաշտպանությանը, սակայն նա ամեն կերպ խուսափեց դա անել: ԲՈՀ նախկին ղեկավարն ասաց, որ պաշտպանությունները կարող են լինել բաց եւ փակ, փակը լինում է հատուկ դեպքերում, սակայն չգիտի, թե ինչ հիմքերով եւ ինչպես է որոշվում, որ պաշտպանությունը փակ է: Հարցին, թե ինչու պիտի տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող թեկնածուականի պաշտպանությունը փակ լինել, ինքը ծանոթ է Տարոն Մարգարյանին, նրա կարողություններին, ԲՈՀ նախկին ղեկավարն ասաց, որ չգիտի, չի ճանաչում Երեւանի քաղաքապետին: Արտյուշա Ղուկասյանը արագորեն շնորհավորեց մեր գալիք տոները եւ մաղթեց, որ մյուս տարի կնճռոտ հարցեր չառաջանան մեզ մոտ:
Ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Դրանից հետո Հանրային խորհրդում քննարկվել է ՀԽ անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված «խիստ նկատողություն» կարգապահական տույժին: Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, եւ իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է նաեւ ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին եւ Քաղծառայության խորհրդի նախագահին: Հանրային խորհրդի որոշումից հետո հետեւել է նախարարի հրամանը` նրան աշխատանքից ազատելու մասին:





























