Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության իր գործընկերոջը` վարչապետ Դոնալդ Տուսկին: Հեռագրում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու եւ նրա տիկնոջ, ինչպես նաեւ նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ:
Մենք ցնցված ենք կատարվածից եւ կիսում ենք Ձեր վիշտը: Այս ծանր պահին մխիթարանքի եւ տոկունության խոսքեր ենք հղում զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ եղբայրական լեհ ժողովրդին:
Մաղթում ենք Ձեզ ուժ եւ կորով այս աղետալի վթարի հետեւանքները հաղթահարելու համար»:




























