Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հունվարի 6-ին նշել են Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը, որի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի են այցելել եւ Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը,Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Վրաստանի հաշտվողականության եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի պատժա-կատարողական եւ պրոբացիայի նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամներ Նիկոլոզ Բաչիլավան, Զաալ Սամադաշվիլին, Իսանի շրջանի գամգեբելի Թոռնիկե Խուցիշվիլին, լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, դեսպանության մյուս դիվանագետներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ, կառավարության այլ ներկայացուցիչներ:

Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվել է Մանուկ Հիսուսի ծննդյան եւ Աստվածհայտնության ավետիսը:

Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Սբ. Պատարագի վերջում կատարվել է Ջրօրհնեքի արարողություն եւ Եկեղեցու Խաչի կնքահայր է դարձել արժանավոր հայորդի, հավատավոր քրիստոնյա Յուրի Երեմյանը: