Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը չի ցանկանում անդրադառնալ մանդատը վայր չդնելու եւ Զարուհի Փոստանջյանի փոխարեն խմբակցության ղեկավար դառնալու գործընկերների հորդորներին: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝  Թեւան Պողոսյանը հայտնեց հետեւյալը. «Ինչպես արդեն հրապարակավ նշել եմ, չէի ցանկանա մտնել պատգամավորական մանդատը վայր դնելու իմ որոշմանն առնչվող քննարկումների մեջ: Խնդրում եմ հարգել իմ խնդրանքը: Ես անշուշտ շնորհակալ եմ բոլոր լրագրողներին՝ այս օրերին դրսեւորվող այսպիսի ակտիվության համար, ներողություն եմ խնդրում սակավախոսության համար եւ խոստանում եմ ապագայում լրացնել այս օրերի բացը: Հատկապես շնորհակալ եմ «Ժառանգության» իմ ընկերներին իրենց սատարման, այս հարցի շուրջ լուրջ ու սրտացավ հրապարակային մեկնաբանությունների համար, որոնք օգնում են լրագրողներին իրենց աշխատանքը կատարել»:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտեւի՝ հինգ ամիս։ Նա մասնակցելու է Թավթի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ «Ժառանգությունից» հայտնել են, որ առաջարկ է եղել Թեւան Պողոսյանին՝ վերանայել մանդատը վայր դնելու որոշումը եւ ժամանակավոր ստանձնել խմբակցության ղեկավարի պարտականությունները: