Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենապայծառ դեմքերից մեկի` Լեւոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Կառավարական հանձնաժողովի փոխանցմամբ՝ վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:
Ավտոբուսները Կեչառիս կմեկնեն հունվար 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից:
Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թվականին ավարտել է Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրում էր ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։
Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ Հետագա տարիներին հրատարակվել են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995 թ.), «Սեւ գիրք, ծանր բզեզ» (1999 թ.), «Տան պահապան հրեշտակը» (2002 թ.), «Ձայներ եւ տեսիլներ» (2006 թ.), «Փուշը, հայր, փուշը» (2011թ.), «Պատմվածքներ եւ հարցազրույցներ» (2013թ.) եւ այլ ստեղծագործություններն ու ժողովածուները, որոնք գնահատվել եւ սիրվել են ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն հասարակայնության կողմից: 2014 թվականին կհրատարակվի նրա «Մհերի դռան գիրքը» նոր վեպը:
«Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999 թվականին արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակին, 2005 թվականին «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար` Հրանտ Մաթեւոսյանի անվան, 2006 թ. «Հունվարի 5-ը եւ 6-ը» գրքի համար` Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» եւ այլ մրցանակների: Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, արաբերեն, հունարեն եւ այլ լեզուներով:
Որպես ազատամարտիկ առաջին իսկ օրից մասնակցել է Արցախյան հերոսամարտին:
Լեւոն Խեչոյանը գրողի, քաղաքացու, հայի ազնվագույն տեսակ էր, անմնացորդ` նվիրված գրականությանն ու հայրենիքին: Նա իր գրականությունը ստեղծում էր տքնանքով ու տառապանքով, իր յուրաքանչյուր բառը քամելով Հայաստանի հողից, հայ մարդու հոգուց, ապավինելով արդարությանը, ճշմարտությանը, լույսին, սիրուն եւ արժանապատվությանը` այն գիտակցությամբ, որ գրականություն ստեղծելը դափնեպսակի հասնելու ձգտում չէ, եւ ավելի ազնիվ է ունենալ «քիչ հեղինակություն արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի…»: Եվ նա իր կյանքով ու ստեղծագործությամբ իրավացիորեն վաստակեց իր տեղը ինչպես գրականության եւ մարդկանց սրտերում, այնպես էլ հավերժության մեջ:





























