«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ի գիշերը վնասվածք հասցրած անձը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանը:
Նա նշեց, որ իրավապահներն աշխատում են, սակայն դեռ չեն հայտնաբերել վնասվածք հասցրած անձին: Դեպքի առթիվ շարունակում են նյութեր նախապատրաստել, Կարենը բողոք չի ներկայացրել ոստիկանություն: «Ես բողոքող չեմ, չեմ սիրում բողոքել: Եթե բողոքեի, իրեն բռնեին, պետք է դատեին, բայց ինձ պե՞տք է որ իրեն դատեն: Ինքը կգտնվի, բայց պետք չի դատել, պետք է հասկանալ՝ ինչի է նման բան արել»,- նշեց նա:
Ի դեպ, միջադեպի հետեւանքով «թեթեւ, մարմնական» վնասվածք ստանալու արդյունքում Կարեն Մկրտչյանը դեռ անվասայլակին է, չի կարողանում քայլել, ոտքերը չեն աշխատում: Բժիշկները սկզբից մտածում էին, թե դա ցրտահարության հետեւանքով է, սակայն այժմ չգիտեն՝ ինչից է, հետազոտությունը ոչինչ ցույց չի տալիս, նա այժմ պետք է մագնիսո-ռեզոնանսային տոմոգրաֆիա անցնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Պարզվել է, որ նա Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանն է, ով վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն:





























