1998-ից հետո կիրառվող քաղաքականությունն ուներ իր ուժեղ կողմերը, սակայն եղել են որոշումներ, որոք անբավարար արդյունքների են հանգեցրել: Այս մասին հունվարի 16-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ կառավարության նիստից հետո՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է նա հիմնավորված համարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ու Տիգրան Սարգսյանի պատասխանները հանրապետությունում «շինարարական փուչիկի» մասին:
«Կարող եմ ասել, որ ՀՆԱ կառուցվածքը, որտեղ շինարարությանը բաժին է ընկնում մինչեւ քսանհինգ տոկոս, ինչպես որ մինչճգնաժամային շրջանում, անկայուն է ու երկար գոյություն ունենալ չէր կարող՝ անկախ նրանից, կլիներ ճգնաժամ, թե ոչ»,-ընդգծել է Ավանեսյանը: Նա հիշեցրել է, որ այն ժամանակ, դեռեւս նախարար չլինելով, այդ մասին նախազգուշացրել էր որպես վերլուծաբան-փորձագետ:
Խնդիրը վերաբերում էր նաեւ տոկոսադրույքներին, որոնք կարող էին զսպել հիպոթեկային վարկավորման զարգացումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արձագանքել էր Տիգրան Սարգսյանի հայտարարություններին՝ կապված 2009-ին պայթած «շինարարական փուչիկի» հետ:





























