Ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը 2013 թվականին տարում իրականացրել է ընդհանուր թվով 85 ստուգումներ եւ ուսումնասիրություններ: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին կայացած ասուլիսում հայտնել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը՝ ներկայացնելով 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

Ըստ այդմ՝ նախորդ տարում իրականացվել են ընդհանուր թվով 85 ստուգումներ եւ ուսումնասիրություններ /65 ստուգումներ, այդ թվում` ծրագրային 29, իրավապահ մարմինների պահաջով` 27, ՀՀ վարչապետի հանձնարարականներով` 9 ստուգումներ եւ 20 ուսումնասիրություններ/:

ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողությունն ու ստուգումները ֆինանսական վերահսկողության տեսչությունն իրականացնում է երեք հիմքով` ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված տարեկան ծրագրով, ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներով, իրավապահ մարմինների պահանջով համապատասխան որոշումների հիման վրա:

Ծրագրային հսկողության փոխարեն 2013թ-ին հիմնական շեշտը դրվել է առավել բարձր ռիսկային ոլորտներում ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացման վրա, որի արդյունքում էապես բարձրացել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ հսկողության գծով տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Մասնավորապես, տեսչության կողմից իրականացրած հսկողության ընթացքում արձանագրված գումարներից 2012թ.-ին վերականգնված 1.1 մլրդ դրամի դիմաց 2013թ. ընթացքում վերականգնվել/վերաձեւակերպվել է 2.3 մլրդ դրամ: