«Գազպրոմը» Հայաստանի էներգետիկայի նախարարության հետ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր է ստորագրել, ասված է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում: Փաստաթուղթը Մոսկվայում՝ «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում, ստորագրել են  ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Այսկերպ «Գազպրոմի» բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում հասել է 100%-ի: Ձեռնարկությունը կանվանվի «Գազպրոմ-Արմենիա»:

«Այս գործարքը լիովին համահունչ է Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական համագործակցության ոգուն: «Գազպրոմը» երկար տարիներ հաջող համագործակցում է հայ գործընկերների հետ բազմաթիվ ուղղություններով: Մենք լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել եւ տրանսպորտի, եւ էլեկտրաէներգիայի ոլորտում: Գլխավորը՝ ձեռք է բերվել Հայաստանի համար սոցիալապես մեծ նշանակություն ունեցող արդյունք՝ մենք հասել ենք 96% գազիֆիկացման մակարդակի», – հայտարարել է Ալեքսեյ Միլլերը: Համագործակցության եւս մեկ կարեւոր ուղղությունը գազաշարժիչային վառելիքն է: Հայաստանում ԱԳԼՃԿ-ների տեսակարար կշիռը գազի լցակայանների շուկայում Ռուսաստանից բարձր է: «Եվ մենք սովորելու շատ բան ունենք մեր հայ գործընկերներից: «Գազպրոմը»  միշտ էլ եղել եւ կմնա Հայաստանի հուսալի գործընկերը»,- հայտարարել է Ալեքսեյ Միլլերը: