Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի մատհոգվում, որ իր հայտարարությունների հետ կապված Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դիմել է Գլխավոր դատախազություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նա շեշտեց, որ ոչ թե իրեն են դատի տվել, այլ դատախազությանը խնդրել են ուսումնասիրել իր հայտարարությունների հիմքերը, այսինքն` բուժհաստատություններում «ատկատների» չափը 5-10 տոկոս է, թե ավել կամ պակաս: «Իրենք ոչ թե հերքում են ատկատի գոյությունը, այլ ուզում են ստուգեն փաստերը: Հետաքրքիր է, թե ինչպես է դատախազությունը ստուգելու ատկատի գոյության կամ չգոյության փաստերը, դրա մեխանիզմը եւ բացահայտման ամբողջ գործիքները հենց նախարարության ձեռքին է: Դա այնքան նեղ շրջանակներում է իրականացվում եւ կողմերն էլ այնքան շահագրգիռ են, որ դա չբացահայտվի, այնպես որ, չեմ կարծում, թե դատախազությունը հակված է որեւէ բան բացահայտելու: Դերենիկ Դումանյանը միամտություն է ունեցել` հայտարարելով, թե դատի է տալու եւ այժմ փորձում է  ինչ-որ կերպ իր խոսքը գործի վերածել: Սակայն, պարզ է, որ դատախազությունը անելիք չունի, եթե անելիք ունի, պիտի գնա ուղիղ նախարարություն»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Նա նշեց, որ այսպես փորձում են լռեցնել խնդիրը եւ օդում չթողնել առողջապահության նախարարի հայտարարությունը, սակայն խնդիրը դրանով չի լուծվում:

Լյուդմիլա Սարգսյանի փոխանցմամբ` այդ կերպ փորձում են խնդիրը հանել օրակարգից, բայց իր նպատակը ոչ թե  հարցը փակելն է այլ հարցը օրակարգային դարձնելն է: Ուսումնասիրելով առողջապահության նախարարության կայքը` ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ չկա մի նյութ, որ այս տարի պետպատվերի բաշխման մեխանիզմն ավելի թափանցիկ է լինելու, քանի որ եթե հաշվի չի առնվում մասնագիտական որակները, բժշկական տեխնիկայի առկայությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, պետպատվերի արդյունավետությունը չի գործում, իսկ ստեղծված հանձնաժողովն էլ նրան հավատ չի ներշնչում: «Այդ դեպքում ի՞նչ բարեփոխման մասին պետք է խոսք լինի, պետպատվերը բաշխվելու է նույն կերպ, ինչ մյուս տարիներիկն, այն հույսերը, որ ես կապում էի Դերենիկ Դումանյանի հետ, այսօր ի չիք են դառնում: Պետպատվերի բաշխման ատկատի ապահովման բեռը այսուհետ կընկի նախարար Դումանյանի վրա, որը ստիպված պետք է հանրությանn ապացուցի թե ինքը կապ չունի ատկատի մեխանիզմի հետ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել էր, որ դատի է տալու Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխ. դատախազություն: Նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Լ. Սարգսյանի այն հայտարարությունները, որ բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում եւ հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց։