51-ամյա Հարություն Խ.-ն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին եւ կամավոր հանձնել գործարանային համարը ջնջված, կարճեցված փողով եւ խզակոթով երկփողանի հրացան, «ՏOԶ» տիպի փամփուշտներ կրակող ինքնաշեն սարք, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, հակատանկային ականի 2 պայթուցիչ, «ԴՇԿ» տիպի գնդացրի 2 փամփուշտ, «ԲՄԳ-Մ» գրառմամբ 1 փամփուշտ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 126 փամփուշտ եւ լուսարձակող փամփուշտ կրակող ինքնաշեն 1 սարք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Հունվարի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 61-ամյա Սամվել Ա.-ն եւ կամավոր հանձնել «Sieger PP» waffen industrie դաջվածքով գործարանային արտադրության ատրճանակ` փամփշտատուփով եւ 2 փամփուշտով, հակահետեւակային ականի 2 պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի 105 եւ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 63 փամփուշտ:
Ներկայացված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 16-ին, ժամը 17.00-ին, 45-ամյա Համազասպ Ս.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացան, նույն տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 33 եւ «ԱԿ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենքը վաղ թե ուշ չարիք է բերում, ինչից զերծ մնալու լավագույն միջոցը զենքի կամավոր հանձնումն է, որի համար, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք` քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: 5-րդ կետ. Զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:




























