ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին հայտարարությունն անհեթեթություն է եւ պատվիրված է ներքին եւ արտաքին ուժերի կողմից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱՊՎ-ի (ներկայիս ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով «Մենք» երիտասարդական շարժման տարածած հայտարարությանը:
Նրա խոսքով՝ դա այն կազմակերպությունն է, որը շաբաթներ առաջ մարտի նետվեց եւ հուժկու հարված տվեց Կոմայգում տարբեր տեսակի անբարո կանանց, աղջիկների եւ նույնասեռականներին: «Դա նրանց մուտքն էր: Գիտե՞ք ինչի եմ ասում, թե ինչի է դրսից ֆինասավորվում այդ կազմակերպությունը: Իմ կարծիքով, դա պատկան մարմինների կողմից ստեղծված կազմակերպություն է: Խոսքը ներսի եւ դրսի ուժերով ստեղծված կազմակերպության մասին է: Նրանք թքելով մեր անվտանգության ճակատին` գորիկախառը խայտառակ լուր են տարածում, թե ռուսական ոմն կազմակերպություն նման բան է անում»:
Գուրգեն Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ նման լուրեր տարածում են, քանի որ սարսափած էին հունվարի 18-ի հանրահավաքից՝ հավելելով, որ հայտարարության մեջ նաեւ խորհուրդ էր տրվում մարդկանց բազմության մեջ չհավաքվել, որ ասեղով սրիկաները չվարակեն: «Այնքան են սարսափած նման հավաքներից, որ նման խամաճիկների գցում են մեջտեղ, ֆինանսավորում են: Հիմա կարող ենք չէ՞, հասկանալ, թե որ դեսպանատունն է դրան խառնված եւ, որ անվտանգության մարմինը Հայաստանում»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ եթե երիտասարդը ճիշտ է ասում, դա լրջագույն պատմություն է, որը մինիմում մեր երկրի կողմից պետք է նոտայով ավարտվի:
Հարցին, թե եթե դա ուղղված է Ռուսաստանի դեմ, Մոսկվան ինչո՞ւ է լռում այս խնդրի շուրջ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ պետք է թքի սրանք երեսին՝ նման հերյուրանքներ տարածելու համար: Իսկ լռության պատճառը նա է, որ գուցե նրանց այս ամենը տեղ չի հասել կամ շան տեղ չեն դնում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե Հայաստանի փողոցներում 4 ամիս է՝ շրջում են ռուսներ, որոնք վարակված ասեղներով ծակում եւ ՁԻԱՀ-ով են վարակում մարդկանց: «Հայաստան ներխուժած այս կազմակերպությունը կարգախոս ունի , ասում են՝ եթե մահանանք, ապա միասին: Շրջում են հասարակական վայրերում, որտեղ շատ մարդիկ կան ու վարակում»,- ասել էր Սեւան Աղաջանյանը՝ չցանկանալով հրապարակել իր այս սկանդալային հայտարարության աղբյուրը: Սակայն NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Նշել էինք նաեւ, որ Քրեական օրենսգրքով չփաստարկված հայտարարություններ տարածողների պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ:





























