Կոտայքի մարզի Քասախ գյուղում մահացած վիճակում հայտնաբերված 61-ամյա Աշոտ Ստեփանյանը մեկ տարի է ինչ բնակության էր հաստատվել այդ գյուղում եւ միայնակ էր ապրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քասախի գյուղապետ Արայիկ Մկրտչյանը:
«Ամոսնալուծված էր: Հարեւանները ասում են, որ քույրն է հաճախ այցելել նրան: Նա չի աշխատել, բայց ապրուստի խնդիր չի ունեցել: Սակայն նա խմելու հետ սեր է ունեցել: Երեւի, թե շատ հարբած է եղել եւ վառարանից հրդեհ է բռնկվել»,- նշեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 13.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցի թիվ 10 տանը. կա տուժած:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Թիվ 4 տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 61-ամյա Աշոտ Ստեփանյանի դին:





























