Երեւանում, 2011թ-ի սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված եւ դատապարտյալների հիվանդանոցում 2013-ի սեպտեմբերի 6-ին մահացած Արման Դալլաքյանի գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսոյանը:
«Բայց արդարացման մասին խոսք չկա: Դատարանը միայն մահվան մասով վարույթը կարճելու որոշում ընդունեց: Դա ավելի շատ հոգեբանական պահ էր: Կարող էին եւ չկարճել»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արման Դալաքյանի հարազատները սեպտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անհամաձայնություն են հայտնել, որ Արման Դալլաքյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվի մեղադրական հիմքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսոյանը: Փաստաբանը նաեւ նշել էր, որ Արմանի հարազատները պահանջել են, որ դատարանը Արման Դալլաքյանի մասով դատավճիռը կայացնելիս նրան արդարացնի:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը մինչեւ Եվրադատարան բողոքարկելու է, քանի որ իր որդին բանդայի անդամ չէ: Արման Դալլաքյանին, հոր խոսքով, ոստիկանությունում ծեծի էին ենթարկել, նա նույնիսկ ինքնասպանության փորձ էր արել: Արմանը ուներ 3 անչափահաս երեխա, մայրը մանկավարժ է, իսկ ինքը խոհարար էր:





























