Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսումը երբեք չի կարելի բացառել, թեեւ դրա հավանականությունը աստիճանաբար նվազում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղիրյանը՝ մեկնաբանելով ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինի հայտարարությունը՝ կապված պատերազմի հնարավոր վերսկսման հետ: Նշենք, որ «Նեզավիսիմայա գազետա» թերթը տպագրել է նրա «Կովկասի ականապատված դաշտը» հոդվածը:
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը վստահ լինի, որ հարձակման դեպքում կարող է իր օգտին լուծել ԼՂ խնդիրը, ապա պատերազմը կարող է սկսվել: «Նույնը տեղի ունեցած նախորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, սակայն ներկայումս կան նաեւ այլ գործոններ՝ միջազգային հանրություն, միջազգային կառույցներ, այսինքն Բաքուն ինքն իրենով չի լուծում այդ հարցերը: Ես համաձայն եմ, որ եթե Ադրբեջանն զգա, որ կարող է հաղթել, նա պատերազմ կսկսի»,-ասաց Վարդգես Բաղիրյանը՝ հավելելով, որ միակողմանի զիջումների մասին խոսք անգամ չի կարող լինել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, արցախցի պատգամավորը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: «Եվ, անկեղծ ասած, ինձ համար այնքան էլ հասկանալի չէ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Այդուհանդերձ, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ եթե չլինի Ռուսաստանը, ապա Ադրբեջանը զենք կգնի մեկ այլ երկրից: Սակայն ես համարում եմ, որ որքան էլ Ադրբեջանը զինվի, միեւնույն է, չի կարող ունենալ այն դրական ռեսուրսը, որն ունեցել է նախորդ արցախյան պատերազմի ժամանակ, ինչպես մարդկային, այնպես էլ ռազմական տեսանկյունից»,-կարծիք հայտնեց Վարդգես Բաղիրյանը՝ հավելելով, որ բոլորին է հայտնի, թե ինչով ավարտվեց այդ պատերազմը:
Այնպես որ, նրա կարծիքով, երկրորդ հնարավոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի համար կունենա նույն ճակատագիրը, եթե ոչ ավելի վատ: «Կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները չեն գնա նման արկածախնդրության»,-ամփոփեց պատգամավորը:
Նշենք, որ Խրամչիխինն իր «Կովկասի ականապատված դաշտը» հոդվածում նշել էր, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում պրակտիկորեն երաշխավորված է, քանի որ ոչ Երեւանը, ոչ Բաքուն չեն հրաժարվի այդ տարածքներից, իսկ փոխզիջում գտնելն անհնար է:





























