Լոռիի մարզի բնակիչ 58-ամյա Լեւոն Ա.-ն մեղադրվում է այն բանում, որ կնոջից պահանջել է հետ վերադառնալ տուն, սակայն մերժում ստանալուց հետո «Երեք խոզուկներ» խորտկարանի հարակից տարածքում դանակահարել է նրան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Գործի նյութերի համաձայն՝ 58-ամյա Լեւոն Ա.-ն, 2013թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում կնոջ` Սիրանուշ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս` իր մոտ նախապես առկա դանակով 2 անգամ հարվածել է վերջինիս ձախ հարականջային շրջանին եւ ձախ ուսին:

Գործը քննվել է Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում եւ պարզվել է, որ  Լեւոն Ա.-ն եւ տուժող Սիրանուշ Ա.-ն 1975թ. լինելով ամուսնացած, համատեղ 38 տարի ապրել են Վանաձոր քաղաքում: Ամուսնության վերջին հինգ տարիների ընթացքում նրանց փոխհարաբերությունները եղել են խիստ լարված: Լեւոն Ա.-ն հաճախ օգտագործել է ալկոհոլ, ապա տարատեսակ չնչին եւ անհիմն պատրվակներով վիճաբանել է կնոջ հետ, վիրավորել եւ ծեծի ենթարկել նրան:

Նրանց դուստրը՝ Մարինե Ա.-ն, լինելով ի ծնե հաշմանդամ, նման պայմաններից ելնելով խուսափել է հոր հետ համատեղ ապրելուց, բնակվել է մորաքրոջ կամ տատի տանը:

Ստեղծված միջավայրում ամուսնու հետ համատեղ ապրելու ցանկություն այլեւս չունենալով, Սիրանուշ Ա.-ն, դստեր եւ որդու՝ Արեն Ա.-ի հետ, հեռացել է տնից եւ ժամանակավորապես բնակություն հաստատել քրոջ բնակարանում: Դրանից հետո Լեւոն Ա.-ն բազմիցս հանդիպել է կնոջը, պահանջել հետ վերադառնալ, սակայն Սիրանուշ Ա.-ն աննկուն մնալով իր որոշման մեջ, մերժել է բոլոր առաջարկները:

Հերթական անգամ Լեւոն Ա.-ն Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակում ալկոհոլ օգտագործած վիճակում կրկին հանդիպելով Սիրանուշ Ա.-ին, նրա հետ քայլել է դեպի Վանաձոր քաղաքի «Բանգլադեշ» կոչվող թաղամասի ուղղությամբ: Լեւոն Ա.-ն հերթական անգամ պահանջել է կնոջից տուն վերադառնալ, սակայն ստացել է բացասական պատասխան, ինչից զայրանալով նույն քաղաքի Հերացու 2/1 հասցեում գտնվող «Երեք խոզուկներ» խորտկարանի հարակից տարածքում բռնելով Սիրանուշ Ա.-ի թեւից, իր մոտ նախապես առկա դանակով 2 անգամ հարվածել է վերջինիս ձախ հարականջային շրջանին եւ ձախ ուսին ու նրա առողջությանը պատճառել տեւական քայքայումով միջին ծանրության վնաս:

Քննելով գործը՝ դատարանը որոշել է քրեական գործի վարույթն` ըստ մեղադրանքի Լեւոն Ա.-ի ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել տուժողի ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:  Խափանման միջոցը` կալանավորումը, վերացնել եւ Լեւոն Ա.-ին ազատ արձակել դատական նիստերի դահլիճում: Հունվարի 15-ին գործը ուղարկվել է գրասենյակ: