Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղաժամ է անվանել դատողությունները 2018թ.-ի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման վերաբերյալ:

«Ամենավատն ու ամենավտանգավորը, ինչ կարող է լինել մարդու հետ, ով քաղաքականությամբ է զբաղվում, կառչել աթոռից ու մտածել միայն դրա մասին: Այդ դեպքում ձախողումն անխուսափելի է, քանի որ միշտ վախենալու ես որեւէ սխալ թույլ տալ: Դրա մասին չպետք է մտածել, այն քո աշխատանքի արդյունքների մասին: Հետո ժամանակն արդեն ցույց կտա»,- հայտարարել է նա BBC, ABC News, CCTV, «Ռոսիա-1», «Առաջին ալիք» հեռուստաալիքների եւ Around the Rings տեղեկատվական գործակալության լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:

Այդպես է Պուտինը պատասխանել դարձյալ ընտրություններին մասնակցելու մասին մտածելու վերաբերյալ հարցին:

Լրագրողների խնդրանքով Պուտինը նաեւ մեկնաբանել է այն փաստը, որ վերջերս ճանաչվել է աշխարհում երրորդ մարդն իր ազդեցությամբ ու այդ ցուցանիշով առաջ է անցել անգամ Հռոմի պապից: «Ինչ վերաբերում է վարկանիշներին, կրկնում եմ, դրանց կարեւորություն չեմ տալիս: Այդպես է ՝ այսօր այսպես, վաղն այնպես: Չի կարելի երբեք կենտրոնանալ դրա վրա»,- ասել է Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հայտարարելով՝ որ «վարկանիշային աղյուսակներին» պարզապես պետք չէ ուշադրություն դարձնել, ՌԴ նախագահը կարծիք է հայտնել, որ ազդեցությամբ առաջ անցնել Հռոմի պապից չի կարող ոչ մի աշխարհիկ անձ, եւ այս դեպքում նման համեմատությունն անհավասար է: