Ներկայում Թուրքիայի հայ համայնքի համար նախագահական ընտրություններում գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այլընտրանք չունի: Այս մասին հունվարի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Թուրքիայում օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին: 

Ըստ նրա` Արդարության եւ զարգացման կուսակցությունը Թուրքիայի հայ համայնքի համար չարյաց փոքրագույնն է, քանի որ ազգայնական եւ Ժողովրդա-հանրապետական կուսակցություններն ավելի ծայրահեղական են, ադրբեջանամետ եւ վտանգավոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ հայերի համար ընդհանրապես: «Եթե Արդարության եւ զարգացման կուսակցությունը շարունակի իր գոյությունն առանց Էրդողանի, ապա Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ երկիրն ավելի մեղմ եւ հանդուրժողական դիրք կզբաղեցնի Հայաստանի եւ հայերի նկատմամբ», - կարծիք է հայտնել Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը նաեւ հիշեցրել է, որ վերջին 3 խորհրդարանական ընտրությունների ժամանակ Թուրքիայի հայ համայնքն իր ձայնը տվել է իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությանը: «Առաջին անգամ որովհետեւ նրանք իրենց հույսը կապում էին այդ կուսակցության հետ, երկրորդ եւ երրորդ անգամ՝ որովհետեւ  տեսան, որ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, իշխող կուսակցությունը ավելի բաց է եւ հանդուրժողական: Հիշենք, որ հենց այդ կուսակցության իշխանության ժամանակ թույլ էր տրվել ազատ գործածել  «ցեղասպանություն» բառը, քննարկվել էին իսլամ ընդունած հայերի խնդիրները», - նշել է Արտակ Շաքարյանը:

Եթե խոսքը Թուրքիայում ընդհանուր քաղաքական ընտրությունների մասին է, ապա ըստ նրա, իշխող կուսակցությունը դեռ շարունակում է մնալ հայ համայնքի միակ այլընտրանքը: