Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հունվարի 20-ին, աշխատանքային օրվա ավարտին այցելել է Էջմիածնի զորամաս, որտեղ ծառայություն անցնող ժամկետային զինծառայող Էդիկ Շահնազարյանը մահացել էր այսօր՝ հիվանդության պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով, նախարարն անձամբ այցելել զորամասի բուժկետ, ծանոթացել է իրավիճակին, լսել է բժիշկներին, խիստ հանձնարարականներ է տվել եւ իր դժգոհությունն է արտահայտել կատարվածի կապակցությամբ, որ ժամանակին եւ արագ չեն արձագանքել: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նախարարը գործը վերցրել է իր անմիջական վերահսկողության տակ, նշանակվել է ծառայողական քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 08:00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել էր ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել Է. Շահնազարյանի մահվան պատճառը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի տեղեկություններով՝ զինծառայողը զորակոչվել էր Նոյեմբերյանից, ծառայում էր Էջմիածնի զորամասերից մեկում: Մահվան պատճառը հայտնի չէ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ զինվորի ջերմությունը կտրուկ բարձրացել է, սրսկել են, անմիջապես կարմիր ցան է առաջացել մարմնին, տեղափոխել են հիվանդանոց:



























