Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 21-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը ողջունել է այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած Ֆ. Լեֆորին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարեւոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության եւ կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար եւ հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:

ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադառնալով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ եւ ընդգծել, որ դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար: