Ես միայն կհպարտանամ, եթե ինձ կենսաթոշակային բարեփոխման «կնքահայր» համարեն, հունվարի 21-ին կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Իշխանության բոլոր քայլերն ուղղված են մեր երկրի խնդիրների լուծմանը, ոչ միայն այսօրվա խնդիրների, այլեւ վաղվա օրվա: Ինչ վերաբերում է կարծիքին, թե բարեփոխումը կտրուկ չի կարելի անել, կարող եմ ասել, որ եթե այս թեմայով կառավարության որոշումներին ծանոթանաք, ապա կտեսնեք, որ բարեփոխման հետ կապված հարցերը քննարկվել են դեռեւս մի քանի տարի առաջ», – ասել է նախարարը:
Այս բարեփոխումը, ըստ նրա, պետք է որոշի ՀՀ քաղաքացիների շատ սերունդների ապագան: «Այնպես որ, ես միայն կհպարտանամ, եթե ինձ այդ բարեփոխման «կնքահայր» համարեն: Այդ բարեփոխման արդյունքները կարելի կլինի տեսնել առաջիկա տարիներին: Շատ մեծ ցանկության դեպքում դրանք կարելի է կանխատեսել հիմա: Իսկ եթե ցանկություն չկա, իհարկե տեսնել չի հաջողվի: Սակայն խորհուրդ եմ տալիս պարզապես ուշադրություն դարձնել՝ որքան ենթակառույցներ են ձեւավորվել կենսաթոշակային բարեփոխման շրջանակում. ենթակառույցներ, որոնք սոցիալական կարեւոր խնդիրներ կլուծեն»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ ի պատասխան կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանության, աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել էր, որ բարեփոխման հիմնադիր-հայրը հենց Քոչարյանն էր: Ի պատասխան՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ Ասատրյանը կարող է իրեն համարել նոր համակարգի եւ հայրը, եւ կնքահայրը:
Կենսաթոշակային բարեփոխման քաղաքականությունն ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր Քոչարյանի օրոք՝ 2005թ.: ՀՀ-ում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից եւ ենթադրում է աշխատավարձից 5% պահումներ (500 հազարից բարձր աշխատավարձի դեպքում՝ 10%) անձնական հաշվեհամարին, որը կառավարելու է մասնավոր երկու կենսաթոշակային ֆոնդերից մեկը: Բարեփոխումը հարուցել է բնակչության խոր դժգոհությունը՝ իրական եկամուտների կրճատմամբ պայմանավորված:




























