Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը չի կարող պատասխանատվություն կրել հղիության նպաստների վատնման համար: Այս մասին հունվարի 21-ին կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ֆինանսների նախարարության կողմից բացահայտված խախտումների վերաբերյալ հարցին:
Նա ընդգծել է, որ նպաստները վճարում է աշխատանքի նախարարության պետական սոցապ ծառայությունը, սակայն դրանք նշանակում է գործատուն: «Այլ կերպ ասած՝ մեզ մոտ նպաստներ նշանակող մարմինները մոտ հիսուն հազարն են՝ նույնքան, որքան գործատուները: Սակայն ստուգել, հիմնավորված կերպով են արդյոք նրանք նշանակում նպաստները, մենք լիազորված չենք: Դրա համար այլ մարմիններ կան»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ժամանակավոր անաշխատունակության, ինչպես նաեւ հղիության ու երեխայի ծնունդի հարցերով տրվող նպաստների համակարգում չարաշահումների մասին: Խախտումների ընդհանուր ծավալը կազմել է 587,4 մլն դրամ:




























