Ապրիլի 13-ին Մոնտեվիդեոյի գլխավոր դահլիճում` SOLIS թատրոնում, Ուրուգվայում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոս, գործարար Ռուբեն Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բացառիկ համերգ` Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա են եղել Ուրուգվայի կառավարության անդամներ եւ խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ եւ շուրջ հազար հրավիրյալներ:

Նվագախումբը երիտասարդ դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ կատարել է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի եւ Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները:

Հյուպատոս Աբրահամյանը եւ Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը իրենց ելույթներում բարձր են գնահատել Ուրուգվայի պետության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում` հիշեցնելով, որ Ուրուգվայը առաջին երկիրն էր աշխարհում, որ օրենքով ճանաչեց մարդկության դեմ այդ ոճիրը: