Հանրապետությունում 2013 թվականին գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 16,2%-ով (2012թ.` 15776, 2013թ.` 18333). դրա հետ մեկտեղ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 16,7%-ով (156-130):

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նվազել են նաեւ սպանության (50-48), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1640-1412), կողոպուտի (247-184), տրանսպորտային միջոց փախցնելու (61-51) եւ խուլիգանության (189-185), այդ թվում` զենքի գործադրմամբ (33-32) դեպքերը: Հանցագործությունները հիմնականում աճել են բնակարանային գողության (1054-1323), յուրացման կամ վատնման (179-210), ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու (960-1050) դեպքերով: Հայտնաբերվել է զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք, ինչը 2,4%-ով ավել է, քան նախորդ տարում (423): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն: Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճի պարագայում` հանրապետությունում 2,3%-ով նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11719-11446)։

Տեղի է ունեցել կրկնահանցագործություների զգալի նվազում՝ 114-ով (441-327): Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 175-ով կամ 26,1%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (669-494): Միեւնույն ժամանակ` 0,7%-ով (80,1%-ից 80,8%) աճել է առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Ըստ առանձին հանցատեսակների` 2012 թ. համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության (62,0%-ից 72,9%), սպանության փորձի (88,0%-ից 92,0%), բռնաբարության եւ բռնաբարության փորձի (84,2%-ից 100%), մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման (95,1%-ից 95,4%), պետական գույքի գողության (73,5%-ից 76,4%) եւ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (2,1%-ից 6,7%) դեպքերով: 

Միեւնույն ժամանակ` բացահայտման աշխատանքների արդյունավետությունը հիմնականում նվազել է անձնական գույքի ավազակության (71,4%-ից 63,0%), կողոպուտի (60,3%-ից 50,0%), գողության (64,8%-ից 52,1%) եւ տրանսպորտային միջոց փախցնելու (82,0%-ից 74,5%) դեպքերով:  Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 14 դեպքով կամ 11,5%-ով (122-136): Անդրադառնալով լատենտային հանցատեսակներին հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման թիվն աճել է 83-ով կամ 7,3%-ով (1139-1222), իսկ թմրամիջոցների իրացման հայտնաբերումը՝ 12-ով կամ 2,3%-ով (515-527): Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 357 դեպքով կամ 46,4%-ով (770-1127): 2013 թ. ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 782 հանցագործության դեպք, ինչը 39,4%-ով ավել է քան 2012 թ. (561), ընդ որում, նշված հանցագործություններից 269-ը կամ 34,4%-ը ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից: 2013 թ. ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 14 դեպք, որից 8-ը` կանանց պոռնկության շահագործման, այդ թվում` 2 անչափահասների, 1-ը` պոռնկության եւ աշխատանքային շահագործման, 3-ը` անչափահասների, 1-ը` չափահասի աշխատանքային շահագործմանը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` օրգաններ եւ հյուսվածքներ վերցնելուն հարկադրելու  դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող եւ հետախուզվող անձանց 33,0%-ը (2012 թ. 31,6%-ը) /չհաշված զորակոչից խուսափողներին/:  Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական, ինչպես նաեւ Ինտերպոլի ԱԿԲ-ն իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացրել են լիարժեքորեն եւ ամբողջ ծավալով, նկատելի ներդրում են ունեցել  հանցագործությունների բացահայտման, քննությունից եւ դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքներում: ՀՀ ոստիկանության նախաքննության մարմինը, գործելով զգալի ծանրաբեռնվածությամբ, կարողացել է ապահովել նախաքննության ընթացքում մարդու իրավունքների պահպանումը եւ օրիկանության ամրապնդումը:  Հաշվետու ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանման եւ հասարակական անվտանգության ապահովման ոլորտում ընդգրկված ծառայությունները պատշաճ կերպով կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները: Վերջիններիս կողմից ապահովվել է հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգություն բազմաթիվ քաղաքական եւ հասարակական զանգվածային միջոցառումների ընթացքում:   Պետական պահպանության գլխավոր վարչությունը զգալի աշխատանք է իրականացրել պետական եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության հուսալիության ամրապնդման, ծառայության կազմակերպման եւ անձնակազմի զգոնության բարձրացման ուղղությամբ, ինչի շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում պահպանվող բնակարաններից հափշտակության դեպքեր չեն գրանցվել: