Հայաստանում, 2013-ին տրանսպորտային հոսքերի շարունակական աճի հետ մեկտեղ` որոշակիորեն բարձրացել է վթարայնության մակարդակը. հանրապետության տարածքում արձանագրվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար (2602), զոհերի թիվն ավելացել է 5-ով: 

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Անձնագրային եւ վիզաների վարչության ծառայությունը 2013 թվականին շարունակել է համակարգի բարեփոխումների իրականացմանը միտված աշխատանքները` ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով: ՀՀ ոստիկանությունը խիստ կարեւորում է նաեւ յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:

Ընդհանուր առմամբ` ՀՀ ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 10 ծառայող:  ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունները հաշվետու տարում ձեռնարկել են կազմակերպչական բազմաբնույթ միջոցառումներ` համակարգը արդի պահանջներին համապատասխան վերակառուցելու, բարեփոխումների ծրագրի իրականացումը հաջողությամբ շարունակելու, ոստիկանության մարմինների գործունեության իրավական դաշտը կանոնակարգելու, պետական միջոցների կառավարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, կադրերի հետ տարվող աշխատանքները եւ ուսուցման գործընթացը կատարելագործելու, անձնակազմի մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստականության, ինչպես նաեւ առողջական վիճակը բարելավելու, ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման, հասարակայնության հետ կապն ամրապնդելու, ոստիկանության ստորաբաժանումների գործունեությունը հանրությանը ներկայացնելու, կատարված աշխատանքները օպերատիվորեն, օբյեկտիվ, բաց եւ թափանցիկ, լուսաբանելու, ինչպես նաեւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական եւ այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ։