«Թուրքիան աշխարհի եւ առաջին հերթին ԱՄՆ-ի հետ շարունակում է խոսել շանտաժի լեզվով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։

«Այս կերպ Թուրքիան կրկին փորձում է կանխել ապրիլի 24-ի ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահի կողմից „ցեղասպանություն“ բառի արտաբերումը։ Եվ եթե Օբաման այս անգամ էլ չարտասանի այդ բառը, նշանակում է, որ Սպիտակ տունը կրկին զոհ գնաց թուրքական շանտաժին»,- նկատել է Կարապետյանը։ Սակայն անգամ այս դեպքում, շեշտել է նա, թուրքական դիվանագիտության հաղթանակը ժամանակավոր է լինելու, քանի որ վաղ թե ուշ ԱՄՆ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. «Բարաք Օբաման պետք է հասկանա, որ որքան շուտ ԱՄՆ ճանաչի Ցեղասպանությունը, այնքան շուտ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները»,- նկատել է Կարապետյանը։

Նա նաեւ նշել է, որ եթե մինչեւ ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, ապա Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունները. «Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատելու սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,- նկատեց խորհրդարանականը։