Թուրք հայտնի լրագրող Ջան Դյունդարը հայտարարել է, թե քուրդ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Օջալանը պնդել է, թե Գեզիի իրադարձություններում Էրդողանին ինքն է փրկել։

Թուրքական Haberand կայքի փոխանցմամբ՝ հայտնի լրագրող Ջան Դյունդարը մի հեռուստահաղորդման ժամանակ հայտնել է, թե իրեն մանրամասներ են հայտնի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորների եւ բանտում գտնվող Աբդուլլահ Օջալանի միջեւ հանդիպումից։

Ըստ Ջան Դյունդարի՝ Օջալանը հայտարարել է, թե Գեզիի իրադարձությունների ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ինքն է փրկել։ «Եթե մենք ողջամիտ չլինեինք, Էրդողանին հեռացնելու էին իշխանությունից։  Դեկտեմբերի 17-ի հեղաշրջմանն («Մեծ կաշառք» գործողություն-խմբ) էլ դեմ ենք։ Մենք բոլոր հեղաշրջումներին դեմ ենք։

Ես մինչեւ ապրիլ ժամանակ եմ տվել։ Սակայն իշխանությունները մեկ ավյրկյան առաջ պետք է խաղաղության օրենք ընդունեն։ Հակառակ դեպքում մեկը կհայտնվի եւ Հաքան Ֆիդանին (Ազգային հետախուզության ծառայություն) եւ վարչապետին դժվարին կացության մեջ կդնի»,-ասել է Օջալանը։