Ադրբեջանը տեւական մտորումներից հետո հայկական կողմին դիվերսիայի փորձի մեջ է մեղադրել:

Հիշեցնենք, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն մի քանի խմբեր միաժամանակյա ներթափանցման փորձ էին կատարել: Փորձը կանխվել էր, հակառակորդը հետ էր մղվել: Ադրբեջանական սադրանքի արդյունքում մարտական դիրքում զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն  Հովհաննիսյանը:

Ադրբեջանական կողմը երկու օր լռություն էր պահպանում կամ էլ ժխտում էր դիվերսիայի փորձ կատարելու փաստը: Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցներն այս ու այնտեղ ադրբեջանցի զինվորների վիրավորվելու մասին պատմություններ էին պատմում:

Եվ ահա երրորդ օրը Ադրբեջանը պատասխան մեղադրանք ներկայացրեց:

 «Հայկական դիվերսիոն-հետախուզական խումբը հարավարեւմտյան ուղղությամբ  (ԼՂՀ-խմբ.) շփման գիծը հատելու փորձ է ձեռնարկել: Ադրբեջանական ԶՈՒ զգոնության շնորհիվ  պատասխան միջոցներ են ձեռնարկվել, ինչի արդյունքում թշնամու փորձերը վճռականապես կանխվել են, թշնամին կորուստներ է կրել եւ ստիպված է եղել նահանջել», - հաղորդում է ԱՀ ՊՆ-ն:

Թե հատկապես որ տարում, ամսում կամ օրն է տեղի ունեցել տվյալ հարձակումը, մնում է միայն գուշակել: Զուգահեռաբար, ադրբեջանական կողմը մեղադրում է նաեւ Հայաստանի ԶՈՒ-ին՝ հրադադարը խախտելու համար:

Ադրբեջանական կողմի վերոնշյալ գործողությունները, ամենայն հավանականությամբ, հունվարի 24-ին Փարիզում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման «նախահարվածն էին»: