Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Կիեւի կենտրոնի արմատական ցուցարարներին ահաբեկիչներ է անվանել: «Մայդանի մի մասը, որը երկար ժամանակ խաղաղ ցույցերի սահմանին էր, հատել է այդ եւ ընդհանրապես քրիստոնեական բարոյականության սկզբունքների սահմանը: Մայդանի մասնակիցների արմատական մասի ուլտրաաջ գրոհայինները Կիեւի կենտրոնում զանգվածային անկարգություններ են հրահրել՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների դեմ սառը զենքով, բռնկվող շշերով հարձակմամբ, մեքենաների հրդեհումով եւ դիակապտությամբ, մարդկանց ապօրինի առեւանգմամբ, ինքնադատաստանով եւ այլ սադրանքներով: Ահաբեկիչների ցինիզմն ու անբարոյականությունը հասել է այնտեղ, որ նրանք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետում կենդանի մարդկանց վրա... Իսկ այսօր գիշերը ահաբեկիչները Մայդանից ներխուժել են հյուրանոցներ, առեւանգել մի քանի տասնյակ քաղաքացիների, որոնց իրենք հակառակորդ են համարում, եւ դաժանաբար ծեծել են»,-ասել է Ազարովը՝ մեկնաբանելով Գրուշեւսկի փողոցի դեպքերը:
Նրա խոսքով՝ անկարգությունների մասնակիցներին խաղաղ ցուցարարներ չի կարելի անվանել. «Նրանք հանցագործներ են, որոնք պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար: Որպես վարչապետ՝ հայտարարում եմ, որ զոհերը զանգվածային անկարգությունների կազմակերպիչների եւ որոշ մասնակիցների խղճի եւ պատասխանատվության վրա են», - Ուկրաինայի կառավարության նիստի բացման խոսքում նշել է Ազարովը:
Նա պահանջել է, որ իրավապահները հանգամանորեն քննեն հանցագործությունները եւ անեն ամեն հնարավորը՝ դրանց կրկնությունը թույլ չտալու համար, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետը հայտարարել էր, որ իշխանությունը պատրաստ է սադրիչների դեմ ուժ կիրառել: Ըստ Ազարովի՝ եթե սադրիչները կանգ չառնեն, իշխանությունները ստիպված կլինեն Կիեւի կենտրոնում բախումները դադարեցնելու ուժային սցենար կիրառել:
Ուկրաինայի վարչապետը սպառնացել էր սադրիչների դեմ ուժ կիրառել




























