Պետք չէ Հայաստանում տիրող իրավիճակը հանգեցնել միջանձնային հարաբերությունների: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա ընդգծել է, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է պետական միջոցառումների, սակայն դա չի նշանակում, որ նրա կուսակցության ընդդիմադիր լինելը կեղծ է: «Մեր կուսակցության առաջնորդը պետք է մասնակցի որոշակի միջոցառումների երպես ԱԽ անդամ, որպես ԱՕԿ նախագահ եւ նա դա պատվով է կատարում: Քաղաքականությունից դուրս մենք կարող են անձնական հարաբերություններ ունենալ այս կամ այն մարդկանց հետ, սակայն նրանց աշխատանքը քննադատելով՝ մենք չենք ձգտում նրանց թշնամի դառնալ: Մեր դիրքորոշումը պարզ է ու անկեղծ՝ լավը լավ ենք կոչում, վատը՝ վատ»,-ասել է նա:

Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, կարող է արդյոք Ծառուկյանը իրական ընդդիմախոս լինել նրանց, որոնց առողջության համար բաժակաճառեր է ասում, Մելքումյանը պատասխանել է. «Նման մոտեցման հեղինակները իրավիճակին լրջորեն մոտենալու մտադրություն չունեն: Պետք է մտածել ու ավելի լուրջ խոսել»: