Չեմ թաքցնում իմ զորակցությունը Ռոբերտ Քոչարյանին, հունվարի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, որը մեկ ամիս է քննադատում է երկրի տնտեսական իրավիճակը:

 «Ռոբերտ Քոչարյանը բավական ծանրակշիռ պետական գործիչ է, որն իր ժամանակին բավական արդյունավետ էր կառավարում երկիրը: Ես ծանոթ եմ նրա աշխատաոճին: Եվ եթե այժմ նա աշխուժացել է, ապա դրա իրավունքն ունի: Գուցե նա պետք է ավելի վաղ սկսեր արտահայտել իր կարծիքը, սակայն նույնիսկ եթե նա դա այժմ է արել, ես ողջունում եմ», - ասել է Մելքումյանը:

Նա հավելել է, որ վաղ է քննարկելը՝ կսատարի արդյոք ԲՀԿ-ն Քոչարյանին 2018թ. նախագահական ընտրություններին: «Այժմ քաղաքականության մեջ հաշվարկը կատարվում է ամիսներով եւ նույնիսկ օրերով, իսկ դուք ցանկանում եք կանխատեսում կատարել առաջիկա չորս տարվա վերաբերյալ»: