Հաշվի առնելով, որ Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհը ադրբեջանական կողմի գնդակոծությունների արդյունքում փակվել է եւ ապահով չէ,  կկառուցվի նոր, բոլոր առումներով անվտանգ  ճանապարհ: Այս մասին հունվարի 22-ին Պառավաքար-Վազաշեն ճանապարհի փակման, այլընտրանքային ճանապարհի կառուցման եւ անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը:

Ըստ նրա՝ նոր ճանապարհը կկապի Վազաշեն եւ Պառավաքար գյուղերը, շրջանցիկ  կլինի, ընդ որում՝ միանգամայն անվտանգ: «Շրջանցիկ ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 3 կմ 188մ, երթեւեկելի հատվածի միջին լայնությունը կլինի 6 – 7 մ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կկառուցվեն հավելյալ ճանապարհային  արգելապատնեշներ, կտեղադրվեն ճանապարհային նշաններ», - նշել է Բախտամյանը: Նա հավելել է, որ ճանապարհի շինարարությունը նախատեսված է ավարտել հունիսի վերջին, իսկ եթե եղանակային պայմանները թույլ տան, ավելի շուտ: Նոր ճանապարհի շինարարության համար հատկացվել է 460 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով զոհվել էր մեկ եւ վիրավորվել հայ երեք զինծառայող: Ստեղծված իրավիճակում պաշտոնապես փակվել էր Պառավաքար-Վազաշեն  ճանապարհը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am