Երեւանի աղբահանությունը 2014թ. հանձնվելու է շվեդական եւ լիբանանյան ընկերություններին: Այս մասին հունվարի 22-ին լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ նրա՝ ընկերություններն արդեն շահել են մրցույթները եւ իրենց պարտականություններին կանցնեն տարվա ընթացքում: «Մենք քաղաքը կբաժանենք արեւմտյան եւ արեւելյան մասերի, յուրաքանչյուրում կգործի ընկերություններից մեկը», - հայտարարել է Արեյանը:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք քաղաքապետարանը լուծարում է իր աղբահավաքման ձեռնարկությունները («Կենտրոն Մաքրություն», «Էրեբունի Մաքրություն» եւ այլն), Արեյանը պատասխանել է, որ այդ ընկերությունների ներուժը եւ նրանց փորձն առավելագույնս կօգտագործվի մայրաքաղաքում: «Նոր ընկերությունների տեխնիկական հագեցվածությունը նույնպես բավարարում է մեզ՝ բավական է միայն տեսնել նրանց ավտոպարկը», - հայտարարել է Արեյանը:
Այն հարցին, թե նոր օպերատորները կպահանջեն արդյոք բարձրացնել աղբահանության վճարը, Արեյանը առայժմ չի պատասխանել: «Կարող եմ ասել, որ բնակիչները կշարունակեն վճարել աղբահանության, այլ ոչ թե փողոցները մաքրելու համար», –ընդգծել է նա:



























