Բաքվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հունվարի 22-ին այցելել են հայազգի գերի-զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին ու սահմանն անցած ընտանիքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել են ԿԽՄԿ երեւանյան գրասենյակից:

«Այցելության ընթացքում նամակների փոխանակում է տեղի ունեցել»,-ընդգծել են պատվիրակությունում:

Հիշեցնենք, որ խոսքը գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ու սահմանն անցած Գեւորգյանների ընտանիքի մասին է:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել են Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառներով հետաձգում էր Կարմիր Խաչի պատվիրակկների հանդիպումը գերի զինվորի հետ:

Եղիշե Գեւորգյանը խուսափել էր պատասխանատվությունից՝ պաշտպանվելով սեփական երեխաներով: 2010թ.-ի հունվարի 10-ին, մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան հատվածում Գեւորգյանն իր կնոջ ու երեխաների հետ(այդ ժամանակ 7,6 եւ 3 տարեկան) «ԵրԱԶ» մակնիշի մեքենայով հատել էր սահմանը: Հայակական կողմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեքենայում երեխաներ կան, կրակ չի արձակել: Սակայն ադրբեջանական կողմից մեքենայի ուղղությամբ կրակոցներ են եղել:

Եղիշե Գեւորգյանը ծնվել է 1958թ.-ին, գողության եւ այլ հանցանքների համար 8 անգամ պատասխանատվության է ենթարկվել: