Հայաստանի սահմանին (Մեղրի) մոտ 1 տոննա հերոինի հայտնաբերումը ԱԱՊՎ-ի (ներկայիս ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պատահական չի համարում եւ մի շարք հարցեր է բարձրացնում դրա վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նախ, նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ նարկոդիլերները սեղանին են դնում 100-200 մլն դոլար, առաջին ձեռքում՝ 100 մլն դոլար, մանրածախ առեւտրի պարագայում ՝ 200-250մլն դոլար: Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, որ մինչեւ այսօր լրատվություն չկա, թե քանի տոկոսանի թմրանյութի մասին է խոսքը, իսկ թմրանյութերի գումարը առաջանում է մաքրության աստիճանից: «Մինչեւ այսօր մենք տեղեկություն չունենք, թե ինչի մասին է խոսքը գնում, դա էլ է խիստ տարօրինակ, հերոին է, բայց ի՞նչ մաքրության հերոինի մասին ենք մենք խոսում, սա է կարեւորը: Եթե մենք գիտենք, թե ինչ հերոինի մասին ենք խոսում, ուրեմն կարող ենք ասել՝ դա 200 մլն դոլար է, թե 300 մլն»,- նշեց ԱԱԾ պետի նախկին տեղակալը:
Առաջին հարցը, որի վրա ուշադրություն հրավիրեց Գուրգեն Եղիազարյանը, այն է, թե ով է այդ խեղկատակը, որն առանց ստուգման եւ տվյալ երկրից լրջագույն երաշխիքների, որոշում է սեղանի վրա դնել 200 մլն դոլար, «ի՞նչ է նշանակում առանց ճանապարհն իմանալու, երկիր իմանալու վերցնել, հենց այնպես անցկացնել այդ հերոինը»:
Երկրորդ ուշագրավ հանգամանքը, ըստ նրա, այն է, որ թե ինչպես հայտնաբերված հերոինը ոչ մի կերպ պաշտպանված չէր, այսինքն՝ շատ պարզ դրված էր, «նույնիսկ մեր սահմանապահների ամենա ոչ փորձառու շունը անմիջապես կֆիքսեր, որովհետեւ ընդամենը պոլիէթիլենի մեջ փաթաթած էր, բաց դրված էր թափքի տակ, ես կարող եմ միայն մի բան ասել, որ այնքան վստահ են եղել իրենց վրա, որ նույնիսկ կարիք էլ չեն ունեցել քողարկելու կամ էլ միտումավոր բռնվեցին, որ ցույց տան, որ Հայաստանում լրջագույն պայքար է գնում թմրամիջոցների դեմ»:
Երրորդ խնդիրը, որը բարձրացնում է Գուրգեն Եղիազարյանն այն է, որ մոտ 1տ հերոինը Հայաստանի սահմանին «բռնվեց» Լոս Անջելեսում հանդեսներից մեկի սկանդալային հոդվածի հրապարակումից 10-15 օր հետո, որտեղ նշվում էր, թե ինչպես ՀԴԲ հայազգի գործակալ, նարկոտիկներ վաճառող Ստեփան Մարտիրոսյանը ֆինանսավորել է Սերժ Սարգսյանի PR կամպանիան:
«Հիմա այդ ֆոնի վրա այդ անպաշտպան 1 տ հերոինը, որ բռնվեց Հայաստանում, մենք պետք է մտածենք, որ միգուցե պատահական չեղավ: Չեմ կարծում, թե այդ խեղկատակները առանց լրջագույն քողարկելու եւ երաշխիքները նայելու 1 տ կփորձեն անցկացնել Հայաստանով: Երկրորդ՝ դա խոսում է այն մասին, որ այս հրապարակումներից հետո 1 տ միգուցե զոհաբերվեց, որպեսզի խոսակցությունները տարանցիկ ճանապարհի մասին էլ չլինեն»,- ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալը:
Նրա կարծիքով՝ հայտարարությունը, թե Հայաստանի խոշոր չափի թմրանյութ տեղափոխելու համար տարանցիկ տարածք է, պետք է համեմել փաստերով, օրինակ, թե մեր իշխանական էլիտայի գումարները որտեղից են առաջանում սոված Հայաստանում, չէ՞ որ մենք գործ ուեննք միլիարդներ դիզած մարդկանց հետ փոքրիկ Հայաստանում: «Ես մի քանի հարց եմ բարձրացնում: Ինչո՞ւ մինչեւ այսօր չի հակադարձվել ամերիկյան մամուլը, որը ստորաբար պախարակել է հանրապետության նախագահին՝ Սերժ Սարգսյանին, մի մարդու, ում ընդամենը 2 տարի առաջ տիկին Քլինթոնը խորհուրդ տվեց տարածաշրջանի նախագահներին նրանից օրինակ վերցնել, չէ՞ որ տիկին Քլինթոնը պատահական մարդ չէ եւ առանց լրջագույն անալիզի նման առաջարկություն չէր անի հարեւան երկրների նախագահներին, իսկ այսօր Լոս Անջելեսում լույս տեսած ամսագիրը ուղղակի մեղադրում է նարկոդիլերներին, որ Սերժ Սարգսյանին իշխանության են բերել Հայաստանում եւ հովանավորում են նրա կամպանիան: Երկրորդ՝ ինչպե՞ս եղավ, որ այդ հրապարակումից ու իմ զգուշացումից հետո՝ ընդամենը սրանից չորս օր առաջ, հանկարծ բռնվեց 1 տոննա հերոինը:
Երրորդ՝ ովքե՞ր են այն խեղկատակները, որոնք 200 մլն դոլարը եւ իրենց ռեսուրսը դնում են առանց մտածելու կբռնվեն, թե ոչ: Չորրորդ՝ միգուցե բռնվեցի՞ն, որ ապացուցեն, որ Հայաստանում լրջագույն պայքար է տարվում նարկոդիլների դեմ եւ այն ամենը, ինչ տպվել է ամերիկյան մամուլում, հերյուրանքներ են Սերժ Սարգսյանի մասին»,- ամփոփեց Գուրգեն Եղիազարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: http://news.am/arm/news/189912.html
Ինգա Մարտինյան




























