Ուկրաինայի ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են Ժողովրդական ռադայի ստեղծման մասին, որը պետք է դառնա «պետության միակ օրինական օրենսդիր մարմինը»: Այդ մասին Անկախության մայդանի բեմից ասել է «Սվոբոդա»-ի առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:

Ժողովրդական ռադայի հիմնադիր ժողովը վարել է Ուկրաինայի ամենաավագ ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Շեւչենկոն: Նիստին մասնակցել է 156 պատգամավոր, հայտնում է ZN,UA-ը:

Ուկրաինայի Ժողովրդական ռադան նախագահության կազմում ընտրել է խորհրդարանի  բոլոր երեք ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդներին՝ Կլիչկո, Տյագնիբոկ եւ Յացենյուկ, հայտնել է Ուկրաինայի Ժողովրդական ռադայի փոխխոսնակ,  «Սվոբոդա»-ի առաջնորդի տեղակալ Ռուսլան Կոշուլինսկին:

Ըստ որոշ ուկրաինական լրատվամիջոցների՝ հունվարի 23-ի գիշերը Կիեւի Մայդանում գիշերելու էր մնացել 100 հազար ակտիվիստ:
Գիշերային ցույցը վարում էր Ռուսլանան: Ցուցարարները ժամանակ առ ժամանակ կատարում էին Ուկրաինայի հիմնը, հայտնում է cenzor.net-ը՝ վկայակոչելով ЛІГАБізнесІнформ-ը:

Միեւնույն ժամանակ՝ Մայդանի մուտքերն ամրացվել են հավելյալ բարիկադներով:
«Մայդանի բանակի» սպառազինությունը համալրվել է նոր քարաձիգով, որն իրականում մեծ պարսատիկ է: 

Իրավապահներին ու ցուցարարներին բաժանող հատվածում անվադողեր են այրվում: Ըստ Ուկրաինայի ՆԳՆ-ի՝ հրդեհը տարածվել է շենքերից մեկում:

Ավելի ուշ Կիեւի փրկարարներին հաջողվել է մարել կրակը: