Կիեւի Գրուշեւսկի փողոցում բախումների հետեւանքով զոհվել է հինգ մարդ, հայտնում են Ուկրաինայի լրատվամիջոցները՝ վկայակոչելով բժշկական ծառայության համակարգող Օլեգ Մուսիային:
«Սպանվել է հինգ մարդ, տուժել՝ 300-ը», - պատմել է նա, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Կիեւում տուժածների թիվը շարունակում է աճել:
Բժիշկները դեռ հասցնում են սպասարկել իրենց դիմած տուժածներին, թեեւ նախորդ օրվա ընթացքում հիվանդանոց էին տեղափոխվել տասնյակ ակտիվիստներ, այդ թվում նաեւ՝ ծանր վնասվածքներով: Վերջին երկու ժամվա ընթացքում երկու մարդ զրկվել է աչքից, հայտնում է «Կորեսպանդենտը»՝ վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Հինգերորդ ալիքը հայտնում է, որ Անկախության մայդանում ցուցարարները ձյունով պարկեր են հավաքում, ջուր կրում, հրապարակ բերում անվադողեր՝ իրենց դիրքերը գրոհելու ժամանակ «Բերկուտի» հատուկ նշանակության մարտիկներին դիմակայելու համար:
Նշենք, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել էր Կիեւի կենտրոնում բախումների երկու մասնակիցների մահվան լուրը։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել էր տվյալ փաստով մանրամասն քննություն վարել։
Ուկրաինայի կառավարությունն ավելի վաղ իրավապահներին թույլատրել էր մինուս ջերմաստիճանի պայմաններում ջրցաններ, ինչպես նաեւ ծխացող, գազային եւ լուսաաղմկարար նռնակների նոր տեսակներ կիրառել։




























