Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր՝ հունվարի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոյին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության ընթացքում հաջողությամբ իրականացվել են մոտ 31 ազգային եւ 10 տարածաշրջանային ծրագրեր:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն, կարեւորելով Բնապահպանության նախարարության հետ համագործակցության  որակական մեծ ձեռքբերումները, հայտնել է, որ համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձր են գնահատվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ կենտրոնական գրասենյակների կողմից:

Բնապահպանության նախարարն արդյունավետ է համարել փոխգործակցության ձեւաչափը, համաձայն որի՝ սկսած  2005թ. Բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ յուրաքանչյուր տարվա համար ստորագրվում է բնապահպանության ոլորտի տարեկան աշխատանքային ծրագիր: Նկատելով, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այն կառույցներից մեկն է, որի միջոցով Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը /ԳԷՀ/  իրականացնում է իր գործունեությունը՝ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով նաեւ հանդիսանում է Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական եւ գործառնական ազգային համակարգող, բարձր է գնահատել Հիմնադրամի միջոցով իրականացված ազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ ծրագրերը:

Ամփոփելով 2013 թ. իրականացրած աշխատանքների արդյունքները՝ Արամ Հարությունյանը եւ Բրեդլի Բուսետոն անդրադարձել են 2014թ. նախատեսվող ծրագրերի ընթացքին: Քննարկվել են կլիմայի փոփոխության, արոտավայրերի եւ անտառային էկոհամակարգերի խոցելիության նվազեցման, պահպանվող տարածքների համակարգի հզորացման եւ ֆինանսական կայունության խթանման, քաղաքային կանաչ լուսավորության եւ շենքերի էներգաարդյունավետության, ինչպես նաեւ գլոբալ կոնվենցիաների շրջանակներում ազգային զեկույցների մշակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մյուս աշխատանքային հանդիպումն անցկացնել ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներից որեւէ մեկում: