Որոշ ԶԼՄ-ների եւ էլեկտրոնային կայքերի կողմից հետեւողականորեն եւ նպատակային կերպով շարունակվում են ստահոդ տեղեկություններ տարածվել Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի գրասենյակը՝ անդրադառնալով նախկին քաղաքապետի որդու՝ Սամվել Բալասանյանի տուն «այցելությանը»:
«Տեղեկատվական ագրեսիայի շարունակական այս դրսեւորումները կոնկրետ նպատակ ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով արատավորել Վարդան Ղուկասյանի անունը, վարկաբեկել նրա ընտանիքը: Երեկ երեկոյան համացանցում տարածված տեսաձայնագրություններում ակնհայտորեն երեւում է, որ Սպարտակ Ղուկասյանը որեւէ կապ ու առնչություն չունի Բալասանյանի տան մոտ երթեւեկող մեքենաների հետ: Տեսաձայնագրություններում հստակ երեւում է, որ նշված տարածքում չկա ոչ մի գործող անձ, առավել եւս՝ հարձակվողներ, սպառնացողներ, կրակողներ եւ հայհոյողներ: Դեռ ավելին, ակնհայտ երեւում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը անցնում են նշված փողոցով: Ստացվում է, որ փողոցային սովորական ավտոերթեւեկությունը ոմանց վախն է առաջացրել: Բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել այդ տեսաձայնագրությունը եւ փորձել գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին: Թե ով եւ ինչու է փորձում այս ամենը կապել Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, այժմ պարզ է դառնում: Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն բացահայտելու ենք եւ հրապարակայնորեն մերկացնելու ենք սուտ, կեղծ լուրեր շրջանառողներին եւ նրանց պատվիրատուներին: Բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք մեզ նման ոտնձգություններից եւ ոտնձգողներից»,- ասված է Վարդան Ղուկասյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետը երեկ երեկոյան է վերադարձել Հայաստան, մամուլում շրջանառվող դեպքերի ականատես չի եղել, քանի որ տանը չի եղել: «Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից, թե ովքեր են եղել կամ ովքեր չեն եղել, կան տեսախցիկների արձանագրած տեսագրությունները, որոնք հետագայում կօգտագործվեն մեր կողմից»,- հայտնել էր մամուլի քարտուղարը: Երեկ երեկոյան Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ նյութեր են նախապատրաստվում:




























