Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն կատարած «այցելության» վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից:

Նրանց փոխանցմամբ՝ այժմ ճշտումներ են կատարվում, հարցաքննվում են Սամվել Բալասանյանի հիմնարկությունների աշխատակիցները, ովքեր հնարավոր է դեպքի ժամանակ եղել են տարածքում կամ ինչ-որ բան գիտեն:

Այսօր ոստիկանություն է հրավիրվել նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Դեռեւս չի հարցաքննել նախկին քաղքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Ոստիկանությունից հայտնեցին, որ առայժմ գործողություններ են կատարում, հիմնավորումներն են ճշտում, նոր նրան կհրավիրեն:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետը երեկ երեկոյան է վերադարձել Հայաստան, մամուլում շրջանառվող դեպքերի ականատես չի եղել, քանի որ տանը չի եղել: «Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից,  թե ովքեր են եղել կամ ովքեր չեն եղել, կան տեսախցիկների արձանագրած տեսագրությունները, որոնք հետագայում կօգտագործվեն մեր կողմից»,- հայտնել էր մամուլի քարտուղարը:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն ուսումնասիրվում են: Երեկ երեկոյան Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում: