Դիմադրության շարժման մասնակից, Ֆրանսիայի ազգային հերոս հայազգի Միսաք Մանուշյանի որմնանկարը, որը գտնվում է Փարիզի 20-րդ օկրուգում, պղծվել է երկրում արգելված հակասեմական երգիծաբան Դիեդոննեի ներկայացումներից մեջբերված գրառումներով, գրում է ֆրանսիական «Metronews» թերթը:
Որմնանկարի ստորին հատվածում անանաս է նկարված եւ գրված էր «Shoa Nanas» («Shoa» նշանակում է «Հոլոքոստ», իսկ «nana» բառը ֆրանսերեն խոսակցական լեզվում կարող է նշանակել «սիրուհի»): Գրությունները երգիծաբան Դիեդոնեի վիճահարույց սքեթչի ուղղակի մեջբերումն են, որի համար նրան տուգանել էին 8000 եվրո՝ «զրպարտության, վիրավորանքի, ատելություն եւ ռասայական խտրականություն սերմանելու համար»:
Որմնանկարի վրայի գրառումները իշխանությունները հայտնաբերել են միայն օրերս, թեեւ հնարավոր է, որ այն արվել էր անցյալ շաբաթ: Փարիզի 20-րդ օկրուգի ղեկավար Ֆրեդերիկա Կալանդրային տեղի բնակիչները նախազգուշացրել էին գրառումների մասին: Սա առաջին դեպքն է, երբ որմնանկարը վանդալիզմի զոհ է դառնում:
Մանուշյանի խումբը, որն այդպես էր կոչվել առաջնորդ Միսաք Մանուշյանի պատվին, բաղկացած էր հիմնականում արտասահմանցիներից, որոնք մասնակցել էին Դիմադրությանը: Նրանք նացիստների կողմից մահապատժի էին ենթարկվել 1944թ. փետրվարի 21-ին՝ Մոն Վալերիեն ամրոցում: «Այսպիսի խորհրդանիշը պղծելը նույնն է, ինչ հանրապետության վրա հարձակվելը»,– նշել է քաղաքապետ Ֆրեդերիկա Կալանդրան:





























