«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունն այսօր՝ հունվարի 23-ին  կազմակերպել էր հանրային ներկայացում-քննարկում  «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Իրավական եւ դատաիրավապահ ոլորտը» թեմայով:

Միջոցառման ընթացքում «Նախախորհրդարանի» անդամ, իրավաբան Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ համաշխարհայնացման ու նորգաղութացման համատեքստում իրավական եւ դատաիրավապահ ոլորտում տիրող ճգնաժամային վիճակին, դրա հետեւանքներին, ընթացքի միտումներին եւ ներկայացրեց  Նոր որակի հայկական պետությունում այդ ճգնաժամի հաղթահարման ուղին, խնդիրներին եւ սկզբունքներին։ Իրավական եւ դատաիրավապահ ոլորտի ներկայացումից հետո հանդիպման մասնակիները հանդես եկան հարցերով, ծավալվեց քննարկում։

Ռազմավարական հայեցակարգի հանրային քննարկումների շարքով «Նախախորհրդարանը» նպատակ ունի Հայաստանի քաղաքացիների եւ համայն հայության ուշադրությունը հրավիրել Նոր որակի հայկական պետության պետականաշինության խնդրին, համախմբել հայաստանաբնակ եւ արտերկրաբնակ շահագրգռված եւ ունակ մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալու ապագա պետության կարեւորագույն փաստաթղթի մշակման գործում։