ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի բացառվում, որ շարունակի զբաղեցնել հաշվիչ հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ միաժամանակ հիշեցնելով, որ հաշվիչ հանձնաժողովը աշխատելու է միայն նստաշրջանի ժամանակ:
«Հիմա հերթական գարնանային նստաշրջանը կսկսի նոր հաշվիչ հանձնաժողով կձեւավորվի: Պարզ չի, թե ինչ կլինի: Չի բացառվում, որ շարունակեմ ստանձնել այդ պաշտոնը: Նստաշրջանի սկսելուն պես խմբակցություններն իրենց առաջարկությունները կանեն եւ նոր միայն կորոշենք, թե ինչ ենք անում: Ինձ համար դա պաշտոն չէ, այլ հասարակական աշխատանք: Բայց դա ֆրակցիայի որոշելու խնդիրն է: Եթե մեր ֆրակցիան նպատակահարմար կգտի, որ էլի ես լինեմ Հաշվիչ հանձնաժողովում, ուրեմն կլինեմ: Եթե չէ` չէ: Ինչ խնդիր կա»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների նախաձեռնած խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստում իշխանափոխություն է եղել, նոր նախագահ է ընտրվել Լյուդմիլա Սարգսյանը: Այդ նիստին չէին մասնակցել իշխող կոալիցիայի մաս կազմող ուժերի պատգամավորները:




























